Pages

Wednesday, May 27, 2020

Օգտագործելով հնարավորությունները


Հոդված


Անկեղծ խոստովանում եմ՝ հոդվածներ հաճախակի չեմ գրում, երբեմն փորձում եմ ինձ արդարցնել՝ հղում անելով մասնագիտությանս բնագիտական ուղղվածությանը , բայց... Մի խոսքով, երբեմն ես էլ եմ ցանկություն ունենում արտահայտվելու, փորձս պատմելու, ձեռքբերումներն ու դժվարութունները նշելու։ Այս անգամ ցանկանում եմ անդրադառնալ Ավագ դպրոցի նշանակության, արդյունավետության շուրջը պտտվող կարծիքներին, քննադատությանն ու նաև գովեստին։ Հաճախ եմ ականատես լինում ծնողների դժգոհությանը. իրենց երեխաների կյաքից անիմաստ երեք տարիների կորուստ են համարում Ավագ դպրոցը՝ մեկնաբանելով, որ միևնույն է, դիմում են կրկնուսույցների օգնությանը։
Այժմ եկեք հասկանանք՝ ինչ ունենք մենք և ինչպես ենք այն օգտագործում: Կրթահամալիրի Ավագ դպրոցի ուսումնական պլանը հնարավորություն է տալիս սովորողներին ընտրելու առարականեր՝ ըստ իրենց նախասիրության, մասնագիտական կողմնորոշման: Դու ունես  երեք տարի այդ դասընթացներն ուսումնասիրելու, գիտելիքներ ու կարողություններ ստանալու համար: Հնարավորությունը տրված է , հնարավորության տնօրինողը դու ես. կարող ես ուղղակի վատնել ժամանակը, բայց կարող ես ճիշտ տնօրինել և ստանալ ոչ միայն շտեմարանային պահանջները բավարարող առարկայական գիտելիքներ, այլև բազմաթիվ հմտություններ, որոնք ցանկացած մասնագետի կյանքում օգտակար կլինեն։ Որպես ասածիս վառ օրինակ՝ ցանկանում եմ ուշադրություն հրավիրել կրթահամալիրի շրջանավարտ Սվետլանա Խաչատրյանի «Ինքնավստահությունն ու աջակցությունը գործի կեսն են» գրառմամբ։
Ավագ դպրոցում ուսուցումը կարևորում եմ և որպես դասավանդող և կրթահամալիրի Ավագ դպրոցի սովորող երկու տղաների մայր: Ցանկանում եմ նշել կրթահամալիրի Ավագ դպրոցի ընձեռած հնարավորությունները «Կենսաբանություն» դասընթացի օրինակով։
Սովորաբար բնագիտության նկատմամբ հետաքրքրությունը քիչ է, հատուկենտ սովորողներ են լինում, ովքեր իսկապես հետաքրքրված են ու իրենց ծրագրերի հիմքում հենց այդ ուղղությունն է ընկած: Պատճառները շատ են՝
  • պետական հանրակրթական դպրոցներում լաբորատորիաներ չլինելը
  • գիտության նկատմամբ հասարակության «վերաբերմունքը»
  • աշխատատեղերի պակասը։
Կենսաբանությունը Ավագ դպրոցում ընտրությամբ դասընթացներից է: Ընտրությամբ դասընթացի խմբերը 10-12-րդ դասարաններում 8-12 հոգուց են կազմվում, հաճախ՝ տարատարիք: Դասընթացի կազմակերպման հիմքում ընկած են՝
  • նախագծերը
  • լաբորատոր փորձերը
  • համագործակցությունները ոլորտի մասնագետների, կազմակերպությունների հետ
  • բաց պարապմունքները երիտասարդ գիտնականների կազմակերպմամբ
  • այցելությունները հայաստանյան լաբորատորիաներ
  • ճամփորդությունները։
Այսպիսով՝ սովորողը ոչ միայն կենսաբանությունն է յուրացնում, այլև ձեռք է բերում շատ կարևոր կարողություններ, որոնք միայն դասագրքային նյութը սերտելով չես ստանա:
Ներկայացնեմ կենսաբանության ընտրության դասընթացի մեկ տարվա գործունեության աշխատանքային ուղղությունները, ինչը հնարավորության կտա պատկերացում կազմելու ուսուցման մեթոդի, կիրառվող գործիքների վերաբերյալ։
Ուսումնական աշունը շատ արդյունավետ էր մեր խմբի համար: Ընտրությամբ խմբի սովորողները մասնակցեցին Կենսաբանական համալսարանում իրականացվող սեմինարներին՝ «Մանրէների դերը մեր կյանքում»: Սեմինարների ընթացքում սովորողները ուսումնասիրել են մանրէների դերը մարդու կյանքում, կատարել են անհատական փորձեր, կատարել շրջայց Պատմության թանգարանում, խմբային աշխատանք՝ պատրաստել զեկույցներ՝ ըստ հանձնարարված թեմաների, արդյունքում՝ ստացել մասնակցության սերտիֆիկատներ: Նախագծի մասնակից սովորողները կազմակերպել են կլոր սեղան-քննարկում կրթահամալիրում և ներկայացրել ստացած հմտությունները և գիտելիքները: Ստացած գիտելիքները սովորողները կիրառել են կրթահամալիրի լաբորատորիայում՝ ուսումնասիրել տիղմի մեջ գտնվող մանրէներըմածունի կաթնաթթվային բակտերիաները։
Կրթահամալիրը մի ամբողջական օրգանիզմ է. Ավագ, Միջին , կրտսեր դպրոցների տարանջատում չկա։ «Սովորող սովորեցնող» նախագիծը մեր դասընթացների անբաժան մասն է: Քանի որ վիրուսը անտարբեր չէր թողել նաև մեր փոքրիկ «Ինչուիկներին», մագիստրոս Սոնա Նիկոլյանի մասնակցությամբ բաց պարապմունք կազմակերպեցինք կրտսեր դպրոցի սովորողների հետ: Այսպիսով՝ համագործակցությունը եղավ ավելի ընդգրկուն, նոր մարդիկ ներառվեցին, իսկ կենսաբանությունն էլ դարձավ ավելի սիրելի, հետաքրքիր, մատչելի:
Այս ամենը օգնում է մեր սովորողներին իրենց ընտրած մասնագիտության մեջ խորանալու, ավելի շատ ուսումնասիրություններ ու հետազոտություններ անելու և համոզված եմ, որ այս տարի նույնպես սովորողներս պատվով կհանձնեն իրենց համար այսքան կարևոր և հուզիչ առաջադրանքը՝ բուհական քննությունը առանց կրկնուսույցի, առանց ավելորդ ծախսի՝ կրթահամալիրյան երեք տարին ճիշտ օգտագործելով:
Այսքանը, հետևույթուններ արենք ինքներդ. մեզ տրված ժամանակը բավական է ռեալ գիտելիքներ, հմտություններ ստանալու համար, եթե կա դասավնդողի և սովորողի սրտացավ վերաբերմունք, նպատակին հասնելու ցանկություն, ստեղծված է միջավայրը, որը շարունակ նորացվում է ու հարմարեցվում օրվա պահանջին։ Մենք ենք ընտրում՝ Ճանապարհ հարթել, թե մեղավորներ փնտրել։

No comments:

Post a Comment