Wednesday, March 25, 2020

Գարունը պահենք մեր մեջ




Գարունը ՝հակաբացիլ նախագծ։

Իզուր չէ, որ գարունն ասոցացնում են զարթոնքի, ինչ-որ նոր բանի սկզբի հետ։ Եղանակային այս փոփոխությամբ բնությունը վերածնունդ է ապրում, և թեպետ տարին սկսում ենք ձմռան ամսից, միևնույն է՝ գարունն է իսկական սկիզբը։ Շատերիս համար սովորական ու ամեն տարի սպասվող գարնանային երևույթները, որոնք մեզանից շատերին հաճույք են պատճառում (չնայած կան նաև արևից փախչող ու անձրևային մարդիկ)՝ բնության հիշողության մեջ առկա կենսաբանական ռիթմեր են։ Մենք էլ բնությանն ամուր շղթաներով  կապված՝ նրա մի մասնիկը։ Բայց մի կողմ դնելով բոլոր գիտական փաստերն ու ուսումնասիրությունները ու լինելով այդ մասնիկը՝ պետք է ուղղակի վայելել, շնչել, զգալ, ապրել, տեսնել գարունը։ Այս շրջանում ոտքերդ անկախ քո կամքից զբոսնել են ուզում՝ ստվերներից ուղղությունը կտրուկ փոխելով անցնում արևի ջերմ ու ապահով շողերի տակ։ Այդ տաքուկ, պայծառ, աչքերդ երբեմն ծակող ու մազերիդ փայլփլուն երանգ հաղորդող շողերի տակ քեզ այնքան հանգիստ ու ապահով ես զգում, որ երբեմն զբոսնելու փոխարեն ուղղակի ուզում ես թիկնես նստարանին ու ժամացույցի սլաքներին ուշադրություն  չդարձնես, չշտապես։ Հետո շարունակում ես զբոսնել, խոր շունչ քաշում ու թարմ օդի մեջ զգում գարնան «օծանելիքի» բույրը։ Նայում երկինք, հետո շուրջդ, ու նախորդ նշածս զգայություններին գումարվում է տեսողականն ու լրացնում ամբողջական պատկերը։
  Գրում եմ, ետ դառնում, գրածս նորից կարդում ու հասկանում, թե ինչքան եմ սիրում գարունն իր բոլոր առանձնահատկություններով, և ինչպես Շիրազն է գրում իր «Թագադրում» բանաստեղծության մեջ․ «․․․ գարունները գան ու չգնան»։ Անկախ նրանից՝ գարունները կգան, կգնան ու նոր սկիզբ կգա, գարունը մենք պիտի պահենք մեր մեջ՝ ջերմությամբ, պայծառությամբ ու բաց չթողնենք։







No comments:

Post a Comment