Saturday, September 26, 2026

«Մանրէները՝ էկոհամակարգերի վերականգնման գործում․ COP17-ին ընդառաջ»




Նախագծի նկարագրությունը

Կենսաբազմազանության պահպանությունը միայն բույսերի և կենդանիների պահպանությունը չէ․ էկոհամակարգերի կարևոր բաղադրիչ են նաև մանրէները։ Ծանր մետաղներով հողի և ջրի աղտոտումը կարող է ազդել կենդանի օրգանիզմների և ամբողջ էկոհամակարգերի վրա, իսկ որոշ մանրէներ կարող են հարմարվել նման պայմաններին և կիրառվել աղտոտված միջավայրերի կենսաբանական վերականգնման գործընթացներում։ COP17-ին ընդառաջ սովորողները կուսումնասիրեն այս կապը՝ մանրէային կենսաբազմազանությունից հասնելով բնապահպանական խնդիրների հնարավոր գիտական լուծումներին։ Նախագիծը կավարտվի գիտնականի հետ բաց պարապմունքով և քննարկմամբ։

Նպատակ

Ձևավորել սովորողների գիտական և բնապահպանական մտածողությունը՝ ուսումնասիրելով մանրէների դերը աղտոտված էկոհամակարգերի վերականգնման և կենսաբազմազանության պահպանության գործում։

Խնդիրներ

1. Ուսումնասիրել ծանր մետաղներով շրջակա միջավայրի աղտոտման ազդեցությունը կենդանի օրգանիզմների և էկոհամակարգերի վրա։

2. Բացահայտել ծանր մետաղների նկատմամբ կայուն մանրէների հնարավոր դերը աղտոտված միջավայրերի կենսաբանական վերականգնման գործում և դրանց կապը կենսաբազմազանության պահպանության հետ։

Մասնակիցներ

10–12-րդ դասարանի սովորողներ

Նախագծի ձևաչափը

Հետազոտական նախագիծ, բաց պարապմունք, հանդիպում-քննարկում գիտնականի հետ։

Նախագծի ընթացքը

I փուլ․ Խնդրի բացահայտում

  • Սովորողները նախ ուսումնասիրում են ծանր մետաղները, դրանց՝ հող և ջուր ներթափանցելու հիմնական աղբյուրները և ազդեցությունը կենդանի օրգանիզմների վրա։ Քննարկվում է նաև այն հարցը, թե ինչու է
  • շրջակա միջավայրի աղտոտումը կենսաբազմազանության պահպանության խնդիր։

II փուլ․ Մանրէային աշխարհը

Սովորողները պարզում են, որ որոշ մանրէներ կարող են գոյատևել ծանր մետաղներով աղտոտված միջավայրերում։ Ուսումնասիրում են մանրէների հարմարվողականությունը և քննարկում՝ արդյոք այդ հատկությունները կարող են օգտագործվել բնապահպանական խնդիրների լուծման համար։

III փուլ․ Հետազոտական խմբերի աշխատանք

Սովորողները բաժանվում են խմբերի և ուսումնասիրում տարբեր ուղղություններ.

· «Ծանր մետաղներ» — աղտոտման աղբյուրներ և տարածման ուղիներ,

· «Կենսաբազմազանություն» — աղտոտման ազդեցությունը էկոհամակարգերի վրա,

· «Կայուն մանրէներ» — մանրէների հարմարվողականությունը,

· «Բիոռեմեդիացիա» — կենսաբանական վերականգնման հնարավորությունները,

· «COP17» — կենսաբազմազանության պահպանության և էկոհամակարգերի վերականգնման խնդիրները։

Յուրաքանչյուր խումբ պատրաստում է կարճ ներկայացում և ձևակերպում հարցեր մասնագետի համար։

IV փուլ․ Բաց պարապմունք՝ հանդիպում Սոնա Նիկոլյանի հետ

  • Նախագծի առանցքային փուլը մանրէաբան Սոնա Նիկոլյանի հետ բաց պարապմունքն է, որի ընթացքում սովորողները հանդիպում են իրական գիտական հետազոտության օրինակին։ Մասնագետը ներկայացնում է ծանր մետաղների նկատմամբ կայուն մանրէների ուսումնասիրության իր փորձը, հետազոտության մեթոդները և հնարավոր կիրառությունները։
  • Բաց պարապմունքը կառուցվում է ոչ միայն մասնագետի խոսքի, այլև սովորողների նախնական աշխատանքի, հարցերի և քննարկման շուրջ։
  • Պարապմունքի հիմնական քննարկման հարցը՝
  • Կարո՞ղ են մանրէները դառնալ մարդու կողմից աղտոտված էկոհամակարգերի վերականգնման գործընկերները։

Քննարկման ընթացքում կարելի է անդրադառնալ նաև հետևյալ հարցերին.

· Ինչպե՞ս են որոշ մանրէներ հարմարվում ծանր մետաղներով աղտոտված միջավայրին։

· Ինչպե՞ս են գիտնականները հայտնաբերում և ուսումնասիրում նման մանրէները։

· Կարո՞ղ է բիոռեմեդիացիան կիրառվել հողի և ջրի վերականգնման համար։

· Ի՞նչ վտանգներ պետք է հաշվի առնել բնապահպանական խնդիրների լուծման համար մանրէներ կիրառելիս։

· Ինչպե՞ս է մանրէային կենսաբազմազանությունը կապվում ընդհանուր կենսաբազմազանության պահպանության հետ։

· Ի՞նչ տեղ կարող է ունենալ գիտությունը COP17-ի շրջանակում քննարկվող խնդիրների լուծման մեջ։

V փուլ․ Ամփոփում և հանրային ներկայացում

Սովորողները ամփոփում են իրենց ուսումնասիրությունները, ձևակերպում հիմնական եզրակացությունները և պատրաստում կարճ հանրային ներկայացումներ։

Վերջնական արդյունքը կարող է ներկայացվել COP17-ին ընդառաջ կազմակերպվող կրթական հանդիպման, դպրոցի բաց պարապմունքի կամ մեդիա հրապարակման ձևաչափով։

Ակնկալվող արդյունք

Նախագծի ավարտին սովորողը կկարողանա բացատրել ծանր մետաղներով աղտոտման և կենսաբազմազանության միջև կապը, ներկայացնել մանրէների հարմարվողականության և բիոռեմեդիացիայի գաղափարը, գիտական հետազոտությունը կապել իրական բնապահպանական խնդրի հետ և հիմնավորել մանրէային կենսաբազմազանության ուսումնասիրության կարևորությունը էկոհամակարգերի պահպանության ու վերականգնման համատեքստում։


No comments:

Post a Comment