Նախագծի նկարագրությունը
Կենսաբազմազանության պահպանությունը միայն բույսերի և կենդանիների պահպանությունը չէ․ էկոհամակարգերի կարևոր բաղադրիչ են նաև մանրէները։ Ծանր մետաղներով հողի և ջրի աղտոտումը կարող է ազդել կենդանի օրգանիզմների և ամբողջ էկոհամակարգերի վրա, իսկ որոշ մանրէներ կարող են հարմարվել նման պայմաններին և կիրառվել աղտոտված միջավայրերի կենսաբանական վերականգնման գործընթացներում։ COP17-ին ընդառաջ սովորողները կուսումնասիրեն այս կապը՝ մանրէային կենսաբազմազանությունից հասնելով բնապահպանական խնդիրների հնարավոր գիտական լուծումներին։ Նախագիծը կավարտվի գիտնականի հետ բաց պարապմունքով և քննարկմամբ։
Նպատակ
Ձևավորել սովորողների գիտական և բնապահպանական մտածողությունը՝ ուսումնասիրելով մանրէների դերը աղտոտված էկոհամակարգերի վերականգնման և կենսաբազմազանության պահպանության գործում։
Խնդիրներ
1. Ուսումնասիրել ծանր մետաղներով շրջակա միջավայրի աղտոտման ազդեցությունը կենդանի օրգանիզմների և էկոհամակարգերի վրա։
2. Բացահայտել ծանր մետաղների նկատմամբ կայուն մանրէների հնարավոր դերը աղտոտված միջավայրերի կենսաբանական վերականգնման գործում և դրանց կապը կենսաբազմազանության պահպանության հետ։
Մասնակիցներ
10–12-րդ դասարանի սովորողներ
Նախագծի ձևաչափը
Հետազոտական նախագիծ, բաց պարապմունք, հանդիպում-քննարկում գիտնականի հետ։
Նախագծի ընթացքը
I փուլ․ Խնդրի բացահայտում
- Սովորողները նախ ուսումնասիրում են ծանր մետաղները, դրանց՝ հող և ջուր ներթափանցելու հիմնական աղբյուրները և ազդեցությունը կենդանի օրգանիզմների վրա։ Քննարկվում է նաև այն հարցը, թե ինչու է
- շրջակա միջավայրի աղտոտումը կենսաբազմազանության պահպանության խնդիր։
II փուլ․ Մանրէային աշխարհը
Սովորողները պարզում են, որ որոշ մանրէներ կարող են գոյատևել ծանր մետաղներով աղտոտված միջավայրերում։ Ուսումնասիրում են մանրէների հարմարվողականությունը և քննարկում՝ արդյոք այդ հատկությունները կարող են օգտագործվել բնապահպանական խնդիրների լուծման համար։
III փուլ․ Հետազոտական խմբերի աշխատանք
Սովորողները բաժանվում են խմբերի և ուսումնասիրում տարբեր ուղղություններ.
· «Ծանր մետաղներ» — աղտոտման աղբյուրներ և տարածման ուղիներ,
· «Կենսաբազմազանություն» — աղտոտման ազդեցությունը էկոհամակարգերի վրա,
· «Կայուն մանրէներ» — մանրէների հարմարվողականությունը,
· «Բիոռեմեդիացիա» — կենսաբանական վերականգնման հնարավորությունները,
· «COP17» — կենսաբազմազանության պահպանության և էկոհամակարգերի վերականգնման խնդիրները։
Յուրաքանչյուր խումբ պատրաստում է կարճ ներկայացում և ձևակերպում հարցեր մասնագետի համար։
IV փուլ․ Բաց պարապմունք՝ հանդիպում Սոնա Նիկոլյանի հետ
- Նախագծի առանցքային փուլը մանրէաբան Սոնա Նիկոլյանի հետ բաց պարապմունքն է, որի ընթացքում սովորողները հանդիպում են իրական գիտական հետազոտության օրինակին։ Մասնագետը ներկայացնում է ծանր մետաղների նկատմամբ կայուն մանրէների ուսումնասիրության իր փորձը, հետազոտության մեթոդները և հնարավոր կիրառությունները։
- Բաց պարապմունքը կառուցվում է ոչ միայն մասնագետի խոսքի, այլև սովորողների նախնական աշխատանքի, հարցերի և քննարկման շուրջ։
- Պարապմունքի հիմնական քննարկման հարցը՝
- Կարո՞ղ են մանրէները դառնալ մարդու կողմից աղտոտված էկոհամակարգերի վերականգնման գործընկերները։
Քննարկման ընթացքում կարելի է անդրադառնալ նաև հետևյալ հարցերին.
· Ինչպե՞ս են որոշ մանրէներ հարմարվում ծանր մետաղներով աղտոտված միջավայրին։
· Ինչպե՞ս են գիտնականները հայտնաբերում և ուսումնասիրում նման մանրէները։
· Կարո՞ղ է բիոռեմեդիացիան կիրառվել հողի և ջրի վերականգնման համար։
· Ի՞նչ վտանգներ պետք է հաշվի առնել բնապահպանական խնդիրների լուծման համար մանրէներ կիրառելիս։
· Ինչպե՞ս է մանրէային կենսաբազմազանությունը կապվում ընդհանուր կենսաբազմազանության պահպանության հետ։
· Ի՞նչ տեղ կարող է ունենալ գիտությունը COP17-ի շրջանակում քննարկվող խնդիրների լուծման մեջ։
V փուլ․ Ամփոփում և հանրային ներկայացում
Սովորողները ամփոփում են իրենց ուսումնասիրությունները, ձևակերպում հիմնական եզրակացությունները և պատրաստում կարճ հանրային ներկայացումներ։
Վերջնական արդյունքը կարող է ներկայացվել COP17-ին ընդառաջ կազմակերպվող կրթական հանդիպման, դպրոցի բաց պարապմունքի կամ մեդիա հրապարակման ձևաչափով։
Ակնկալվող արդյունք
Նախագծի ավարտին սովորողը կկարողանա բացատրել ծանր մետաղներով աղտոտման և կենսաբազմազանության միջև կապը, ներկայացնել մանրէների հարմարվողականության և բիոռեմեդիացիայի գաղափարը, գիտական հետազոտությունը կապել իրական բնապահպանական խնդրի հետ և հիմնավորել մանրէային կենսաբազմազանության ուսումնասիրության կարևորությունը էկոհամակարգերի պահպանության ու վերականգնման համատեքստում։



