Կիսամյակային հաշվետվություն
Ուսումնական կիսամյակի ընթացքում իրականացված աշխատանքները եղել են բազմաբովանդակ՝ ներառելով հետազոտական աշխատանքների կազմակերպում և պաշտպանություն, բնագիտական նախագծերի իրականացում, գործնական աշխատանքներ, ինչպես նաև քայլարշավային-ճանաչողական այցեր։ Աշխատանքների հիմնական նպատակն էր սովորողների մոտ զարգացնել հետազոտական մտածողությունը, ինքնուրույն աշխատելու կարողությունը, բնագիտական գիտելիքների գործնական կիրառումը, ինչպես նաև համագործակցային և ներկայացման հմտությունները։
Կիսամյակի ընթացքում առանձնահատուկ տեղ են ունեցել սովորողների հետազոտական աշխատանքները։ Սովորողները առավել պատասխանատվությամբ են մոտեցել թեմաների ընտրությանը՝ հաշվի առնելով իրենց հետաքրքրություններն ու նախասիրությունները։ Նկատելի էր, որ ընտրված թեմաները դարձել են առավել հետաքրքիր և արդիական, իսկ սովորողները դրանք ներկայացնում էին ավելի վստահ՝ ցուցաբերելով գեղեցիկ, գրագետ և կապակցված խոսք։
Հունիս ամսվա ամփոփում
Հունիս ամսվա կարևոր աշխատանքներից էր հետազոտական աշխատանքների պաշտպանությունը։ Պաշտպանությանը մասնակցեցին 3 սովորողներ, որոնք ներկայացրեցին առողջապահական և կենսաբանական ուղղվածություն ունեցող հետաքրքիր թեմաներ։
Առաջին հետազոտական աշխատանքը ներկայացրեց 11-րդ դասարանի սովորող Տաթև Մանուչարյանը։ Թեման էր՝ «Նյարդային համակարգ․ անտեսանելի համակարգ՝ տեսանելի հետևանքներով»։ Աշխատանքի ղեկավարն էր Անուշ Ասատրյանը, իսկ գրախոսը՝ բժիշկ-նյարդաբան Գաբրիել Մալխասյանը։
Երկրորդ աշխատանքը ներկայացրեց 10-րդ դասարանի սովորող Նատալի Տագեսյանը՝ «Բրեկետներ․ գեղեցկություն, թե՞ առողջական խնդիր» թեմայով։ Աշխատանքի ղեկավարն էր Անուշ Ասատրյանը, գրախոսը՝ օրթոդոնտ բժիշկ Լիլիթ Մանուկյանը։
Երրորդ հետազոտական աշխատանքը ներկայացրեց Ասյա Հարությունյանը։ Թեման էր՝ «Դիմածնոտային հոդի լուռ խնդիրները»։ Աշխատանքի ղեկավարն էր Անուշ Ասատրյանը, իսկ գրախոսը՝ դիմածնոտային վիրաբույժ Կարինա Հարությունյանը։
Հետազոտական աշխատանքների պաշտպանությունը ցույց տվեց, որ սովորողները կարողանում են ոչ միայն ուսումնասիրել իրենց ընտրած թեմաները, այլև վերլուծել, հիմնավորել և ներկայացնել դրանք լսարանի առջև։ Պաշտպանությունների ընթացքում կարևոր էր նաև մասնագետ-գրախոսների մասնակցությունը, որը հնարավորություն տվեց աշխատանքներին տալ մասնագիտական գնահատում և ուղղորդում։
Հունիսին իրականացվեց նաև քայլարշավային-ճանաչողական այց դեպի Հավուց Թառ, ինչպես նաև Աստղիկի և Վահագնի ջրվեժներ։ Ճամփորդությունը մեկնարկեց Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից։ Սովորողները ներկայացել էին ժամանակին, պատրաստված և համապատասխան տրամադրվածությամբ։
Նախնական ծրագրով նախատեսված էր այցելություն Աղջոց վանք, սակայն եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով երթուղին փոփոխվեց, և որպես այլընտրանք ընտրվեց Հավուց Թառը։ Փոփոխությունը, սակայն, չխանգարեց ճամփորդության հիմնական նպատակի իրականացմանը։ Այն հնարավորություն տվեց համատեղել հայրենաճանաչությունը, բնության ուսումնասիրությունը և քայլարշավային հմտությունների զարգացումը։
Ճանապարհը որոշ հատվածներում բարդ էր․ անձրևի պատճառով հողը սայթաքուն էր, իսկ տեղանքը՝ դժվարանցանելի։ Այնուամենայնիվ, սովորողները կարողացան հաղթահարել դժվարությունները՝ ցուցաբերելով համառություն, փոխօգնություն և թիմային աշխատանք։ Քայլարշավի ընթացքում նրանք հիացան բնության գեղեցկությամբ, ուսումնասիրեցին տեղանքը, ծանոթացան Հավուց Թառի պատմամշակութային նշանակությանը, ինչպես նաև այցելեցին Աստղիկի և Վահագնի ջրվեժներ։
Սովորողների պատումներից երևում էր, որ ճամփորդությունը նրանց համար եղել է ոչ միայն ճանաչողական, այլև փորձառական կարևոր օր։ Նրանք առանձնացրել էին ճանապարհի դժվարությունները, բնության գեղեցկությունը, ընկերների աջակցությունը և այն զգացողությունը, որ դժվարությունները հաղթահարելուց հետո տեսած գեղեցիկ տեսարաններն առավել արժեքավոր են դառնում։
Մայիս ամսվա ամփոփում
Մայիս ամիսը նույնպես հագեցած էր տարբեր բնույթի աշխատանքներով։ Ամսվա ընթացքում իրականացվեց քայլարշավ դեպի Հավուց Թառ, Աստղիկի և Վահագնի ջրվեժներ, որը սովորողների համար դարձավ հայրենաճանաչության, բնության ուսումնասիրության և ֆիզիկական ակտիվության համատեղման հնարավորություն։
Կազմակերպվեց և ներկայացվեց նաև Հետազոտական վարժարանի կենսաբանության աշխատարանը։ Որպես գործնական աշխատանքի բաղադրիչ՝ թիվ 152 դպրոցի սովորողների հետ պատրաստվեց մարդու արյան շրջանառության մոդել, որը ներկայացվեց բնագիտական նախագծի պաշտպանության ժամանակ։ Այս աշխատանքը կարևոր էր նրանով, որ սովորողները կարողացան տեսական գիտելիքը վերածել տեսանելի և կիրառական մոդելի։
Մայիսին իրականացվեցին նաև 9-րդ դասարանի սովորողների բնագիտական նախագծերի աշխատանքները։ Սովորողներին տրամադրվեց խորհրդատվություն, կազմակերպվեց նախագծերի ընթացքը և պաշտպանությունը։
Բացի ուսումնական և նախագծային աշխատանքներից, իրականացվեց նաև միջավայրի բարեկարգման աշխատանք․ ձեռք բերվեցին և տնկվեցին պիտունյաներ միջին և ավագ դպրոցի տարածքում։ Այս աշխատանքը նպաստեց կրթական միջավայրի գեղագիտական ձևավորմանը և սովորողների մոտ խնամքի ու պատասխանատվության զգացման զարգացմանը։
Անցնող կիսամյակը մեզ համար եղել է որոնումների, բացահայտումների և միասին սովորելու շրջան։ Իրականացրած նախագծերը, ճամփորդությունները, սեմինարները դուրս են բերել սովորողներին դասարանի սահմաններից՝ տեղափոխելով նրանց բնություն, գիտական միջավայր և ուսումնական նոր տարածքներ, որտեղ գիտելիքը ձեռք է բերվել ոչ միայն լսելով, այլև զգալով, փորձելով և ապրելով։
Յուրաքանչյուր իրականացված նախագիծ նպաստել է սովորողների ինքնաճանաչմանը, համագործակցությանը, հետաքրքրասիրության զարգացմանը և սեփական ուժերի նկատմամբ վստահության ձևավորմանը։Ընթացքում հանդիպած դժվարությունները դարձել են աճի և զարգացման նոր հնարավորություններ։
Կիսամյակում կատարած աշխատանքներից ցանկանում եմ առանձնացնել հետևյալ նախագծերը՝
1․Ուսումնաճանաչողական ճամփորդությունը դեպի Գեղարոտի ջրվեժ՝ նվիրված Հայաստանի Հանրապետության Անկախության օրվան։ Միջոցառումը նպատակ ուներ զարգացնելու սովորողների ուսումնահայրենագիտական ճանաչողությունը, բնության հանդեպ պատասխանատու վերաբերմունքը և համագործակցային հմտությունները։
Լեռնային տեղանքը և եղանակային պայմանները պահանջում էին ֆիզիկական դիմացկունություն և փոխօգնություն, ինչը սկզբնական շրջանում որոշ սովորողների համար դժվարություն էր ներկայացնում։
Արդյունքում սովորողների մոտ ձևավորվեց պատասխանատվության զգացում, ամրապնդվեցին համագործակցային հարաբերությունները, բարձրացավ հայրենի բնության արժեքի գիտակցումը։
2․ԵՊՀ կենսաբանական ֆակուլտետում կազմակերպված եռօրյա սեմինարը կրում էր ճանաչողական և կրթական բնույթ՝ նպատակ ունենալով զարգացնել սովորողների գիտական հետաքրքրությունը և ծանոթացնել նրանց ժամանակակից կենսաբանական գիտություններին։
Սեմինարի ընթացքում ներկայացված նյութը պահանջում էր կենտրոնացված աշխատանք և որոշակի նախնական գիտելիքներ, ինչը որոշ սովորողների համար նոր և բարդ էր։
Տեսական նյութի համադրումը գործնական աշխատանքների հետ նպաստեց սովորողների ակտիվ ներգրավմանը, հետազոտական մտածողության զարգացմանը և հարցադրումների մշակմանը։
Սովորողները ձեռք բերեցին նոր գիտելիքներ, զարգացրին դիտարկման և վերլուծության հմտությունները, ձևավորեցին գիտության նկատմամբ կայուն հետաքրքրություն։
3․Ուսումնառության կարևոր բաղադրիչ են նաև հետազոտական աշխատանքները , ունեմ 7 սովորող, որոնցից 4-ը 12-րդ դասարանի սովորողներ են , արդեն պաշտպանել է մեկ սովորող, մյուսները դանդաղ, բայց աշխատում են։
Հետազոտական աշխատանքի ընթացքում որոշ սովորողների համար դժվարություն էր սեփական թեմայի հստակ ձևակերպումը , աղբյուրների ընտրությունը, տեղեկատվության վերլուծությունը և ակադեմիական ոճի պահպանումը ։Ժամանակի ճիշտ պլանավորումը և աշխատանքի փուլային իրականացումը ևս պահանջում էին մշտական ուղղորդում և աջակցություն։
Աշխատանքի ընթացքում սովորողները զարգացրին ինքնուրույն մտածելու, հարցադրումներ ձևակերպելու և փաստարկված եզրահանգումներ կատարելու հմտությունները, սեփական մտքերը գրավոր արտահայտելու կարողությունը։ Հետազոտական գործընթացը նպաստեց նաև սովորողների ինքնավստահության աճին և գիտական հետաքրքրության խորացմանը։
Ամփոփելով կիսամյակի ընթացքում իրականացված աշխատանքը՝ կարելի է վստահ ասել, որ այս շրջանը դարձավ շարունակական զարգացման, փորձի փոխանակման և միասին սովորելու կարևոր փուլ։ Ամիս առ ամիս անցկացված միջոցառումները նպաստեցին սովորողների ոչ միայն գիտելիքների հարստացմանը, այլև ինքնավստահության, պատասխանատվության ձևավորմանը։
Հանդիպած դժվարությունները չդարձան խոչընդոտ, այլ վերածվեցին ուսումնական փորձառության, որի շնորհիվ առավել հստակ ձևակերպվեցին հետագա քայլերն ու նպատակները։
Այս կիսամյակը ևս մեկ անգամ հաստատեց, որ կրթությունը կենդանի գործընթաց է, որը ձևավորվում է մարդկանց, միջավայրի և համատեղ ստեղծագործ աշխատանքի շնորհիվ։ Առջևում նոր ամիսներ են, նոր գաղափարներ և նոր ճանապարհներ, որոնք շարունակելու են մեր ընդհանուր առաքելություն՝ սովորել, բացահայտել և զարգանալ։
Սեպտեմբեր
շ 1․Անկախության օրը Գեղարոտի ջրվեժում
2․« Ճամփորդություն մանրէների հետ» Եռօրյա սեմինար ԵՊՀ կենսաբանական ֆակուլտետում
Նատալի Տագեսյանի պատումը՝ այստեղ,
Ասյա Հարությունյանի պատումը ՝ այստեղ
Անժելիկա Մնացականյանի պատումը՝ այստեղ
Հոկտեմբեր
1․․Հոդված Դպիրում՝ Միկրոաշխարհը կենսաբանության լաբորատորիայում
Նոյեմբեր
2․Հետազոտական աշխատանքներ
No comments:
Post a Comment